Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Նախկին նախագահ Քոչարյանն ավելի մեծ վնաս կարող է տալ նախագահ Սարգսյանին, քան Տեր-Պետրոսյանը»

«Նախկին նախագահ Քոչարյանն ավելի մեծ վնաս կարող է տալ նախագահ Սարգսյանին, քան Տեր-Պետրոսյանը»
21.10.2008 | 00:00

«ԵՐԲ ՆՈՒՅՆ ԿԱԲԻՆԵՏՈՒՄ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱ, ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆԸ
-Պարոն Գիրագոսյան, ահա և հասանք Ղարաբաղին. փորձագետները պնդում են` հրես-հրես պայմանագիրն ստորագրվում է, կարծո՞ւմ եք:
-Ոչ։ Հենց միայն այն պատճառով, որ Ադրբեջանը հայտարարել է` իրենք պատրաստ չեն հարցի լուծմանը: Ճիշտ է, Ռուսաստանը, մասամբ էլ Հայաստանը, ցույց են տալիս, թե ավելի են մոտեցել խնդրի լուծմանը, և հնարավոր է` ինչ-որ բան ստորագրվի, այնուհանդերձ, ինքս խիստ թերահավատ եմ:
-Այդ դեպքում այս ողջ «թատրոնն» ինչի՞ մասին է:
-Ինչ-որ առումով, իսկապես, իմաստ ունի «թատրոն» բառն օգտագործել: Բայց, բոլոր դեպքերում, վրացական զարգացումներից հետո թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները ցանկանում են Մինսկի ֆորմատը պահպանել: Նրանք նաև մտահոգ են ստատուս-քվոյի պահպանմամբ, մտահոգ են Ադրբեջանի հետագա սխալ քայլեր կատարելու առնչությամբ` Վրաստանի օրինակով: Հասկանալի է, որ թե՛ ռուսները չեն ուզում նման պատերազմ, թե՛ ամերիկացիները: Այդ իսկ պատճառով երկուսի համար էլ ստատուս-քվոյի պահպանումը շահեկան է: ՈՒ լուծման մասին բարձրաձայնումները մի քիչ թատրոնի են նմանեցնում այս ամենը:
-Մի խոսքով, պայմանագրի ստորագրումը մեզ, առավել ստույգ` Սերժ Սարգսյանին, չի սպառնում:
-Այո, չի սպառնում. ես այդպես եմ կարծում:
-Մեկ հարց ենթատեքստից դուրս. Ադրբեջանն իր գազը կտա՞ Ռուսաստանին:
-Անշուշտ: Վրացական դեպքերից հետո Ադրբեջանը ևս փորձում է բարելավել իր հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ: Ադրբեջանի շահերից է բխում շատ ավելի մոտ լինել Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Հիշենք, որ Ադրբեջանը ժամանակներ առաջ պաշտոնապես հայտարարեց` ՆԱՏՕ-ին անդամակցության հարց իրենք երբևէ չեն քննարկել: Եվ հիմա, երբ Թուրքիայի հետ հարաբերություններում որոշ սառեցում է նկատվում, վերջինս կփորձի լեզու գտնել Ռուսաստանի հետ: Այսօր Ադրբեջանն ու Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարում ռազմական որոշակի օժանդակության շուրջ:
-Ղարաբաղյան ստատուս-քվոյի շարունակվելն իր հերթին նշանակում է, որ հայաստանյան ներքաղաքական ստատուս-քվոն նույնպե՞ս կշարունակվի:
-Չէ, դրանք միմյանց հետ անմիջական կապ չունեն: Մարտի մեկից հետո այս իշխանությունը եղած լարվածությունը, պրոբլեմները չի լուծել, դրանք մնացել են: Ներքաղաքական անչափ փխրուն ստատուս-քվոն կարող է տեղաշարժվել շատ ավելի տնտեսական բաղկացուցչի պատճառով: Տնտեսական ճգնաժամը շատ շուտով կհասնի Հայաստան, ինչն առավել վտանգավոր է և անպայմանորեն անկայունության սեգմենտ ունի իր մեջ: Մանավանդ, երբ դրան գումարում ես գազի` արդեն հայտարարված թանկացումները, այդ թվում և` սննդի բարձրացող գները:
-Ասել է` իշխանափոխությունը մեզանում սոցիալական ուղղվածություն կունենա: Տեր-Պետրոսյանն ամենևին չէր ուզում, որ այդպես լինի, ու «հարցը» քաղաքական ուղենշից շեղվի:
-Գիտե՞ք որն է այս ամենում էականը. հայաստանյան քաղաքական-տնտեսական համակարգերը շատ փակ են, մինչև դրանք չբացվեն, անհնար է երկրում որևէ կարգի պրոգրես ունենալ: Այդ պատճառով էլ, երբ դիտում ես ԱԺ-ում կատարված «փոփոխությունը» և Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարումը, հասկանում ես, որ համակարգը դեռ երկար չի բացվի:
-Մնանք դեռ ընդդիմության դաշտում. ոմանք պնդում են, որ շարժումը մարում է, իսկ առավել լավատեղյակներն իշխանափոխությունը ժամանակի հարց են համարում:
-Պարզ է մեկ բան. իշխանությունները վստահության շատ չնչին քվե ունեն, լարվածությունը երկրի ներսում շատ մեծ է, և մարտի մեկից հետո առկա քաղաքական իրականությունը ոչ մի կապ չունի այսօր գործող ԱԺ-ի հետ:
-Ոնց տեսնում եմ, Դուք կողմնակից եք ԱԺ-ի լուծարման, ԱԺ նոր ընտրությունների անցկացման: Այո՞:
-Թերևս: Շատ հստակ է. այս ԱԺ-ն չի արտացոլում հայաստանյան քաղաքական իրողությունները: Քաղաքական վիճակն այսօր ոչ այս կողմ է, ոչ այն. ո՛չ իշխանությունն է հաղթող, ո՛չ ընդդիմությունը, ու շատ դժվար է ասել՝ ինչպես է լուծվելու այս խնդիրը: Մյուս կողմից՝ եթե ընտրություն տեղի չի ունենում, բոլոր հարցերը մնում են բաց: Չկա դիալոգ:
-Դուք երկխոսության կողմնակից եք, ինչպես շատերս, բայց երկխոսությունը չի կայանում ու չի կայանում:
-Այո, կողմնակից եմ, սակայն ոչ թե որպես թատրոն, այլ որպես իրական գործընթաց:
-Լավ, ինչո՞ւ այն չի կայանում:
-Որովհետև իշխանությունը չի ցանկանում ցույց տալ, որ թույլ է:
-Վախենո՞ւմ է:
-Շատ: Հայտնի է` այս իշխանությունները շատ են վախենում. իմ կարծիքն է, ինչ տեսել, այն եմ ասում:
-Մի ժամանակ տեսակետ կար, որ Դուք մասամբ պաշտպանում եք Սերժ Սարգսյանի «տեսակետները»: Իրականում «դիալոգի» մեջ եք և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Տեր-Պետրոսյանի հետ. երկու թևերի հետ էլ աշխատում եք, ինչը շատ նորմալ է: Դուք Ձեր մտավախություն-մտահոգությունները փոխանցո՞ւմ եք նրանց։
-Գիտե՞ք, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ կարելի է շատ ավելի դյուրին ձևով դիալոգի ճամփա գտնել. հիշեք, թե ինչպես սեպտեմբերի 6-ին ընդդիմության ցույցը Տեր-Պետրոսյանը հետաձգեց՝ դրսևորելով քաղաքացիական պահվածք, նման բան Քոչարյանի հետ հնարավոր չէ: Նախկին նախագահ Քոչարյանն ավելի մեծ վնաս կարող է տալ նախագահ Սարգսյանին, քան Տեր-Պետրոսյանը:
-Այս միտքը Դուք անվերջ շեշտում եք. որտեղի՞ց են գալիս Ձեր տագնապներն առ Ռ. Քոչարյան, ինչո՞ւ եք նրա հետ այդպես անհամատեղելի:
-Քոչարյանի պաշտոնավարման շրջանում այնպիսի որոշումներ կայացվեցին, մասնավորապես Ռուսաստանին տրվող «գույքերի» մասով, ինչի հետ ես համաձայն չէի: Սակայն նրա նկատմամբ իմ չեզոքությունից հրաժարվեցի հատկապես մարտի մեկի դեպքերից հետո, որովհետև այդ օրվա որոշումներն ու քայլերն իրենն էին, դրանց համաձայնություն տալ ես չեմ կարող, չեզոք լինել` նույնպես:
-Քոչարյանի վերադարձը որքանո՞վ եք հնարավոր համարում:
-Ես համաձայն չեմ: Բայց եթե փորձի վերադառնալ որպես վարչապետ, Հայաստանում կարող է իրական հեղափոխություն լինել :
-Դուք կարծում եք Ս. Սարգսյանը չի՞ հասկանում, որ Քոչարյանից սպասվող վտանգներն ավելին են, քան...
-Չէ՛, լավ հասկանում է: Իմ կարծիքով, նախագահ Սարգսյանը լավ կարդում է վիճակը, սակայն պետք է քաղաքական կամք դրսևորի, բայց համակարգն այնքան փակ է, որ միանգամից քայլեր չի կարողանում անել. չի կարողանում ազատվել օլիգարխներից, մականունավորներից:
-Շատերն էլ կարծում են, որ ինչ-որ պահի Քոչարյանն ու Ս. Սարգսյանը լեզու կգտնեն, ու Քոչարյանը հետ կգա:
-Անկարելի է. մարտի մեկի արյունը Քոչարյանի ձեռներին է։ Ինչպե՞ս կարող են լեզու գտնել...
-Ինչ վերաբերում է արյանը, ապա նման բան մեզանում «շա՜տ» կա. չմոռանանք հոկտեմբերի 27-ը: Հիշենք նաև, որ Ռուսաստանն այսօր և միշտ իր խաղադրույքները դնում է հատկապես օլիգարխակլանային համակարգի վրա, իսկ քիչ առաջ ասացիք, որ տարածաշրջանում միակ խաղացողը Ռուսաստանն է:
-Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը տեսնել թույլ երկիր: Բայց եթե Հայաստանում անկայունություն լինի, ռուսները շատ կմտահոգվեն: Այդ էր պատճառը, որ մարտի մեկից հետո նրանց ապրած տագնապը շատ մեծ էր: Գիտե՞ք` Դմիտրի Մեդվեդևն այս իշխանություններին առաձնապես չէր «համակրում», սակայն մարտի մեկից հետո շատ զգուշացավ ցնցումներից: Ինչպես և ամերիկացիները:
-Այս իշխանություններին առանձնապես «չհամակրող» Մեդվեդևը հենց այս պահին ժպտում, թփթփացնում է Սերժ Սարգսյանի ուսին` հայոց նախագահական պալատում:
-Ռուսական մոդելը բավականին բարդ է. Մեդվեդևը, որպես նոր նախագահ, ինքնուրույն չէ, որովհետև իր կողքին ունի վարչապետ Պուտինին: Ամենատիպիկ օրինակը, թերևս, Վրաստանի դեպքերն էին: Մեդվեդևին ամենևին ձեռնտու չէր, որ որոշումներ կայացնողը ոչ թե ինքը, այլ Պուտինն էր, որը Ռուսաստան վերադարձավ շատ ավելի շուտ, քան Հայաստանի նախագահը: Չնայած ես հույս ունեմ, որ Մեդվեդևը դեռ կուժեղանա:
-Այո, ԱՄՆ-ն ու Արևմուտքը չեն կորցնում իրենց հույսը` Մեդվեդևից «տալկովի պարեն» ստեղծելու (մեջբերումը մամուլից է) առումով:
-Այո, դեռ հայտնի չէ՝ երբ Մեդվեդևը դառնա ինքնուրույն խաղացող, ինչպիսի՞ն կլինի:
-Եվ, վերջապես, ի՞նչ կար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ամերիկյան մեծ «վոյաժների» «տակը»` ենթատեքստում:
-«Տակից-վերևից» տեղյակ չեմ, անձամբ ես Տիգրան Սարգսյանին շատ լավ եմ վերաբերվում, շատ բարձր եմ գնահատում նրա իրականացրած ռեֆորմները, որ շատ կարևոր են: Բայց այստեղ էականն այն չէ, թե իր նկատմամբ ես կամ Դուք ինչ վերաբերմունք ունենք, կարևոր է, թե որքան ուժ ունի նա:
-Որքա՞ն:
-Չունի ուժ. իր որոշումներն ու «ձեռքն» առանձնապես հզոր չեն այսպիսի վիճակներում գործելու համար:
-Բայց հո՞ ամերիկյան քաղտեխնոլոգիաներն են շատ հզոր:
-Չէ, ի՜նչ եք ասում, երբ նույն կաբինետում Արմեն Գևորգյան կա, ինչպես դրանից առաջ` Հովիկ Աբրահամյան, այդ տեսակ կաբինետում ռեֆորմները չեն կարող աշխատել, առաջընթաց չի կարող լինել:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3930

Մեկնաբանություններ